Հայաստանը՝ ուշադրության կենտրոնում․ աջակցություն արտահանող ընկերություններին | Հարցազրույց Visionest Institute-ի գործադիր տնօրենի հետ
Լուսանկարը Հակոբ Սիմոնյանի
October 29, 2026 · 8 րոպե· Թարմացված

Հայաստանը՝ ուշադրության կենտրոնում․ աջակցություն արտահանող ընկերություններին | Հարցազրույց Visionest Institute-ի գործադիր տնօրենի հետ

Ինչո՞ւ Հայաստանը․ Էստոնիայի զարգացման համագործակցությունն ու Visionest Institute-ի առաքելությունը

Sona Grigoryan
Հեղինակ
Sona Grigoryan
Ծրագրի ղեկավար, Հայաստան
Կարդալ ավելին այս հեղինակից

Այս հարցազրույցում Visionest Institute-ի գործադիր տնօրենը խոսում է Էստոնիայի արտահանման փորձի, Հայաստանում իրականացվող Արտահանման աքսելերացիոն ծրագրի և այն մասին, թե ինչպես գործնական ուսուցումն ու մենթորությունը կարող են օգնել հայկական ընկերություններին կայացնել հիմնավորված որոշումներ, պատրաստվել շուկայական մարտահրավերներին և գտնել գործունեության դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ։

  • Էստոնիան Հայաստանն ընտրել է որպես զարգացման համագործակցության գործընկեր երկիր։

  • Visionest Institute-ը համատեղում է տեսությունն ու գործնական փորձը՝ օգնելով հայկական ընկերություններին մշակել նոր շուկաներ մուտք գործելու արտահանման ծրագրեր։

  • Էստոնիան հասկանում է, թե ինչ է նշանակում թեկուզ մեկ օրով կորցնել որևէ շուկա մուտք գործելու հնարավորությունը։

  • Երբ իրավիճակը փոխվում է, ընկերությունները հաճախ գիտակցում են, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր շուկաներ։ Հենց այստեղ է կարևորվում դիվերսիֆիկացումը։

Ի՞նչ ծրագիր է Visionest Institute-ն իրականացնում Հայաստանում։

Մենք ներկայումս իրականացնում ենք Արտահանման աքսելերացիոն ծրագիրը, որը հիմնականում նախատեսված է արտահանող ընկերությունների համար՝ օգնելու նրանց ավելի արագ և արդյունավետ դիվերսիֆիկացնել արտահանումը։

Շատ ընկերություններ մինչ այժմ մեծապես կախված են եղել ռուսական շուկայից, որը բավականին բարենպաստ է եղել նրանց բիզնեսի համար։ Սակայն իրավիճակի փոփոխության դեպքում ընկերությունները հաճախ գիտակցում են, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր շուկաներ։ Հենց այստեղ է կարևորվում դիվերսիֆիկացումը՝ նոր շուկաների որոնումը, դրանց մուտք գործելու նոր ուղիների բացահայտումը և այդ ամենը հնարավորինս արագ իրականացումը։

Այսօր ընկերությունների հիմնական մտահոգություններից մեկը նոր շուկաներ մուտք գործելու արագությունն է։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ հնարավորություններ կան շուկա մուտք գործելու համար և ինչ քայլեր պետք է ձեռնարկեն՝ գործընթացն արագացնելու նպատակով։

Հստակ ծրագիր ունենալը զգալիորեն խնայում է ժամանակը։ Երբ չափազանց շատ տարբերակներ կան, որոշում կայացնելը դժվարանում է։ Արդյունքում ժամանակ է կորչում, և նույնիսկ հնարավոր է՝ ընտրվի սխալ մոտեցում։

PHS_3344.JPG

Ո՞ւմ համար է նախատեսված այս ծրագիրը։

Ծրագիրը հիմնականում նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք արդեն իսկ արտահանում են իրականացնում։ Սովորաբար դրանք ավելի մեծ ծավալներով գործող ընկերություններ են, որոնք ունեն արտադրական բավարար կարողություններ և կարող են ապահովել անհրաժեշտ քանակի արտադրանքի մատակարարումը։ Օրինակ՝ եթե մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը դիմի նրանց, նրանք պատրաստ են պահանջվող ժամկետներում մատակարարել անհրաժեշտ քանակությամբ արտադրանք։

Կարծում եմ՝ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում սկսել ենք աշխատել նախորդ տարի, մենք գալիս ենք Էստոնիայից՝ մի երկրից, որը Հայաստանից շատ ավելի փոքր է, բայց մեծապես կախված է արտահանումից։ Մենք նաև Ռուսաստանի հետ սահմանակից երկրի փորձ ունենք։ Հասկանում ենք, թե ինչ է նշանակում թեկուզ մեկ օրով կորցնել որևէ շուկա մուտք գործելու հնարավորությունը, և որքան կարևոր է արագորեն դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ուղիներն ու ապրանքատեսակները։

Մենք ունենք այդ փորձը, ինչը նշանակում է նաև, որ շատ բան ենք սովորել։ Կուտակել ենք գիտելիքներ, որոնք կարող ենք փոխանցել մյուսներին՝ ոչ պարտադիր ուսուցանելու, այլ խորհուրդներ ու առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև օգնելու նրանց ավելի արագ գտնել արդյունավետ մոտեցումներ։

Արդեն շուրջ 15 տարի է՝ մենք ուսուցանում ենք նաև էստոնացի արտահանողներին։ Կարծում եմ՝ էստոնացի արտահանող ընկերությունների մեծ մասն այս կամ այն ձևով մասնակցել է մեր վերապատրաստման ծրագրերին։ Դրանք զգալի օգուտ են ստացել և արտահանման հարցում բավականին առաջադեմ մոտեցումներ են ձևավորել։ Այս ամենը նաև մեզ հնարավորություն է տվել սովորել նրանց հետ միասին և շարունակաբար զարգացնել սեփական հմտությունները, որպեսզի կարողանանք մեր փորձն ու գիտելիքներն ավելի մեծ ծավալով փոխանցել ուրիշներին։


Ո՞վ է ֆինանսավորում ծրագիրը, և որտեղի՞ց են գոյանում ֆինանսական միջոցները։

Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի զարգացման համագործակցության շրջանակում։ Սա նշանակում է, որ այն Էստոնիայի զարգացման համագործակցության ծրագրերի մի մասն է և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Այլ կերպ ասած՝ կարող ենք ասել, որ ծրագրի ֆինանսավորումն ապահովում են Էստոնիայի քաղաքացիները՝ իրենց վճարած հարկերի միջոցով։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Էստոնիայի ծրագրերը հայկական ընկերությունների համար անվճար են։

Այո՛, անշուշտ։ Հենց սա է հիմնական պատճառը, որ ծրագիրն անվճար է․ Էստոնիան Հայաստանն ընտրել է որպես զարգացման համագործակցության գործընկեր երկիր։

Որպես լրացուցիչ տեղեկություն՝ Արևելյան գործընկերության շրջանակում Էստոնիան համագործակցում է ընդամենը չորս երկրի հետ։ Մենք չունենք գործընկեր երկրների մեծ ցանկ, փոխարենը կատարում ենք բավականին հստակ ընտրություն։ Աջակցում ենք Մոլդովային, Ուկրաինային և Հայաստանին, իսկ Վրաստանը պատմականորեն նույնպես ներառված է եղել Արևելյան գործընկերության շրջանակում Էստոնիայի զարգացման համագործակցության ծրագրերում, թեև ավելի սահմանափակ չափով։

Մենք շատ երկրների հետ չենք համագործակցում, և վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը Էստոնիայի զարգացման համագործակցության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է։ Այստեղ զարգացման համագործակցության ուղղությամբ մեր գործունեությունը դեռ համեմատաբար նոր է, և մենք ուրախ ենք կիսվել մեր գիտելիքներով ու փորձով։

Քանի որ զարգացման համագործակցության տեսանկյունից Հայաստանին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում, մեզ համար կարևոր է, որ մեր վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ իրականացվեն։ Սա նաև նշանակում է, որ ընկերությունը կարող է վերապատրաստմանը մասնակցելու ուղարկել իր մի քանի աշխատակցի՝ առանց մտահոգվելու, որ դրա արժեքը կարող է չափազանց բարձր լինել։

PHS_3391.JPG

Ինչո՞ւ ընկերությունները պետք է վստահեն ձեզ։ Ի՞նչ եք առաջարկում նրանց։

Վստահությունը շատ կարևոր հարց է։ Կրթության ոլորտում մարդիկ սովորաբար սկսում են վստահել քեզ այն բանից հետո, երբ մասնակցում են քո կազմակերպած դասընթացին, դրական փորձ են ունենում և կարողանում են այն խորհուրդ տալ ուրիշներին։

Միշտ լինում է մարդկանց մի խումբ, որոնք գալիս են՝ հասկանալու, թե ով ես դու և ինչ ես առաջարկում։ Եթե նրանք գոհ են մնում, սկսում են իրենց փորձով կիսվել ուրիշների հետ։

Իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք աքսելերացիոն ձևաչափով վերապատրաստման ծրագիր։ Այս համատեքստում աքսելերացիոն ձևաչափը նշանակում է, որ համադրում ենք տեսությունն ու գործնական աշխատանքը։

Տեսական հատվածն օգնում է ընկերություններին ձևավորել արտահանման գործընթացի վերաբերյալ ընդհանուր պատկերացում և հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնեն։ Այնուհետև սկսվում է գործնական մասը՝ բուն աքսելերացիոն գործընթացը։ Մասնակիցները կատարում են վարժություններ՝ հիմնվելով սեփական ընկերությունների գործունեության վրա։

Խոսքը պատահական օրինակների կամ ԱՄՆ-ից վերցված դեպքերի ուսումնասիրության մասին չէ, որոնց հետ նրանք իրականում չեն կարող նույնանալ։ Փոխարենը, աշխատանքը կենտրոնացած է հենց իրենց ընկերությունների, իրավիճակների, հանգամանքների և գործունեության առանձնահատկությունների վրա։ Նրանք պետք է ստացած գիտելիքները կիրառեն իրենց բիզնեսի իրական գործընթացներում։

Արդյունքում մասնակիցները մշակում են սեփական ծրագիրը՝ սահմանելով, օրինակ, 20 քայլ, որոնք անհրաժեշտ է իրականացնել որոշակի շուկա մուտք գործելու համար։ Նրանք այդ ծրագիրը կազմում են հենց իրենց ընկերության համար, ինչն էլ վերապատրաստումը դարձնում է շատ ավելի գործնական և կիրառելի։

Ծրագրի երրորդ բաղադրիչը մենթորությունն է։ Էստոնիայում մենթորությունը լայնորեն կիրառվող գործիք է։ Մենթորն օգնում է մասնակիցներին կատարելագործել և իրականացնել իրենց ծրագրերը, ինչպես նաև գտնել գործնական լուծումներ՝ հիմնվելով իրական բիզնես փորձի վրա։

Մեր ընտրած մենթորները միշտ բիզնես համայնքի ակտիվ ներկայացուցիչներ են։ Նրանք ներկայումս աշխատում են բիզնեսի և միջազգային շուկաների հետ, հետևաբար տիրապետում են արդի գիտելիքների և հասկանում են, թե ինչպես է այսօր գործում բիզնեսը։ Նրանց գիտելիքները քսան տարվա վաղեմության չեն, այլ արտացոլում են այսօրվա գործարար իրականությունը։

Ի՞նչն է ձեր մենթորներին հատկապես համապատասխան դարձնում հայկական ընկերություններին աջակցելու համար։

Մենք ընտրում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք ունեն գործարար փորձ։ Քանի որ Էստոնիայում միջին չափի ընկերությունները շատ են, մեր մենթորները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ տարբեր պաշտոններ և պարտականություններ են ունեցել։

Եթե համեմատենք մեր մենթորների՝ շուկաների և արտահանման համար անհրաժեշտ տարբեր մոտեցումների վերաբերյալ գիտելիքները, ապա դրանք հաճախ ավելի ընդգրկուն են, քան այն մասնագետներինը, որոնք իրենց ամբողջ կարիերան անցկացրել են մեկ նեղ մասնագիտացման շրջանակում։

Օրինակ՝ Գերմանիայում որևէ մեկը կարող է երկար տարիներ աշխատել Siemens-ում՝ զբաղեցնելով մեկ շատ կոնկրետ գործառույթ։ Դա կարող է նրան դարձնել իր ոլորտի առաջատար մասնագետ։ Սակայն Հայաստանում գործող ընկերությունները հաճախ բիզնեսի վերաբերյալ ավելի լայն պատկերացման կարիք ունեն՝ տարբեր տեսանկյուններից։

Հենց այդ պատճառով եմ կարծում, որ մեր մենթորները հատկապես համապատասխան են հայկական ընկերություններին աջակցելու համար։ Էստոնիան նաև սահմանակից է Ռուսաստանին, և մեր բիզնեսները բախվել են շուկայի նմանատիպ զարգացումների ու մարտահրավերների։ Մեր մենթորներից շատերը ոչ միայն գիտելիքներ ունեն, այլև անմիջական փորձ՝ նման փոփոխություններին դիմակայելու հարցում։

Նրանք կարող են ներկայացնել, թե իրենց ընկերություններում կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել և ինչպես են կարողացել կառավարել իրավիճակը։ Սա չափազանց կարևոր է։ Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ է խորհուրդ տալիս որևէ գիրք։ Կարևոր է, որ դու ինքդ բախված լինես այդ մարտահրավերներին, դիտարկած լինես առկա տարբերակները և իրական փորձի հիման վրա որոշումներ կայացրած լինես։

Հենց այդ պատճառով եմ կարծում, որ մենթորությունն այդքան արժեքավոր է։

Մենթորությունը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով՝ հիմնականում անհատական կամ խմբային հանդիպումների միջոցով։ Անհատական մենթորությունը հնարավորություն է տալիս շատ ավելի խորությամբ ուսումնասիրել խնդիրները և տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները գուցե այլ պայմաններում չկարողանայիր ստանալ։

Օրինակ՝ կարող ես հարցնել որոշակի շուկայում շահութաբերության ցուցանիշների, որևէ ընկերության իրականացրած կոնկրետ քայլերի, պայմանագրի այն կետերի մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել, կամ որոշակի գործարքի շուրջ բանակցություններ վարելու մասին։ Մենթորական հանդիպումը հնարավորություն է տալիս այս հարցերը մանրամասն քննարկելու։

Սրանք մեր ծրագրի առաջարկած երեք հիմնական բաղադրիչներն են՝ տեսական ուսուցում, գործնական աշխատանք և մենթորություն։

PHS_3381.JPG

Ի՞նչ խորհուրդ կտաք այն հայաստանյան ընկերություններին, որոնք նոր են սկսում արտահանել կամ ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը։

Երբ ժամանակները դժվար են, և իրավիճակը՝ ճգնաժամային, անհրաժեշտ է արագ գործել։ Որպես բիզնեսի սեփականատեր կամ ղեկավար՝ կարող ես խուճապի մատնվել և փորձել միաժամանակ շարժվել բոլոր ուղղություններով՝ քայլեր ձեռնարկելով՝ առանց հստակ պատկերացնելու, թե իրականում ինչն արդյունավետ կլինի։

Իմ խորհուրդն ընկերություններին հետևյալն է՝ ժամանակ հատկացնել մտածելու և նախապես պատրաստվելու համար։ Սա չափազանց արժեքավոր է, հատկապես երբ արդեն իսկ կարողանում ես կանխատեսել հնարավոր ռիսկերը՝ դեռևս դրանց ի հայտ գալուց առաջ։

Կարծում եմ՝ ճգնաժամային իրավիճակներում կարևոր է նախապես դիտարկել գործողությունների տարբեր ծրագրեր՝ մինչև ճգնաժամի վրա հասնելը։ Եթե առաջին տարբերակը չաշխատի, ո՞րն է երկրորդը, երրորդը, չորրորդը։

Եթե ունես տարբերակները գնահատելու և դրանց հնարավոր արդյունքները հաշվարկելու հստակ մեխանիզմ, որոշումների կայացման գործընթացը դառնում է ավելի արագ և արդյունավետ։ Ավելի շատ ժամանակ ես ունենում մտովի փորձարկելու տարբեր սցենարներ և գնահատելու, թե դրանցից որն է իրատեսական։

Այնուհետև, երբ իրավիճակն իրականություն է դառնում, կարող ես եզրակացնել, որ ավելի նպատակահարմար է սկսել վերջին տարբերակից, քանի որ առաջիններն այլևս կենսունակ չեն։

Այսպիսով, կրկին ուզում եմ ընդգծել, որ կարևոր է ուսումնասիրել տարբեր հնարավորություններ, սակայն հետո կենտրոնանալ կոնկրետ ուղղության վրա։ Ընկերությունները միաժամանակ պետք է շարունակեն կառավարել իրենց ընթացիկ գործունեությունը։ Նրանք չեն կարող ամբողջությամբ կենտրոնանալ միայն արտահանման վրա կամ միաժամանակ փորձել մուտք գործել 20 տարբեր շուկա։ Դա չափազանց շատ ժամանակ և ջանք կպահանջի։

Անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր հնարավորություններն ու մշակել այլընտրանքային ծրագրեր, ապա որոշել, թե որ ուղղության վրա կենտրոնանալ։ Դրանից հետո կարելի է ընտրել այն տարբերակը, որն առավել նպատակահարմար է տվյալ ընկերության համար։

Սա է այն մոտեցումը, որը խորհուրդ կտայի հայաստանյան ընկերություններին։

Կիսվել
Մնացեք տեղեկացված

Նոր պատմություններ ուղիղ ձեր փոստին

Պարբերաբար նամակներ ղեկավարության, արտահանման և մեր աշխատանքի մասին.